Մոսկվա է վերադարձել «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեն. նա որոնվում է արյան վրեժ լուծելու համար
Երկարատև բացակայությունից հետո ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է վերադարձել «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեն, ով հայտնի է «Կվեժոյևիչ» մականվամբ: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն` հղում տալով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:
Նշվում է, որ 2014 թվականի մայիսին ոստիկանները Մոսկվայում անհաջող գործողություն են իրականացրել նրան ձերբակալելու համար: Դրանից հետո «օրենքով գողը» լքել է երկրի սահմանները և հաստատվել Թուրքիայում: «Օրենքով գողի» նկատմամբ հայտարվել էր հետախուզում:
Քննիչները ենթադրել են, որ նա կարող է կապ ունենալ 2014թվականի հունվարին նախկին «օրենքով գող» Դավիդ Մելկաձեի՝ «Դաթո Փոթիյսկու» գնդակահարության հետ: Դրանից հետո «Դաթո Փոթիյսկու» սպանության իրականացման համար ձերբակալվել էր երիտասարդ Բախշի Պետրոսյանը, ով իր վրա էր վերցրել հանցագործության մեղքը, միևնույն ժամանակ, սակայն, չէր կարողացել բացատրել դրդապատճառները: Արդյունքում՝ որոշվել էր, որ Բախշի Պետրոսյանը սպանությունը միայնակ է կատարել: Նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Վերջերս նա ժամանել է Մոսկվա: Rosbalt-ը նշում է, որ Չիխլաձեն առաջին հերթին ձեռք է բերել «Lexus» մակնիշի զրահապատ մեքենա և մի քանի թիկնապահ: Սակայն, «օրենքով գողը» վախենում է «Դաթո Փոթիյսկու» բարեկամների կողմից վրեժից: