Ռուսաստանը վստահեցնում է, որ Հալեպում «լռության ռեժիմ» կհաստատվի
Ռուսաստանի՝ Սիրիայի տարածքում հակըննդեմ կողմերի հարցով կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն հաղորդել է, որ բանակցություններ են ընթանում Հալեպում «լռության ռեժիմ» հաստատելու համար: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
«Այս պահին ակտիվ բանակցային աշխատանքներ են ընթանում Հալեպում ևս լռության ռեժիմ հաստատելու ուղղությամբ»,- հայտնել է ռուս ներկայացուցիչը:
Ռուսական կողմի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ռուսական դիրքորոշումը փոխվել է: Շաբաթ օրը Կրեմլը հաղորդել էր, որ ճնշում չի գործադրի սիրիական իշխանությունների վրա՝ ռազմական գործողությունները Հալեպում դադարեցնելու հարցով:
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին այսօր կժամանի Ժնև՝ Սիրիայի բանակցությունները վերսկսելու համար՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտգործնախարարների մասնակցությամբ: