Լավրովն ու Քերրին քննարկել են ԼՂ-ում, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը, ԼՂ-ում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
«Շարունակվել են Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման ճանապարհների քննարկումները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերով հաստատված կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և ամրապնդման, անհրաժեշտ տարածաշրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լավրովն ընդգծել է Սիրիայի քրդերի՝ կառավարության և ընդդիմադիրների միջև ընթացող բանակցություններին մասնակցելու, մոտ ժամանակներս չափավոր ընդդիմության՝ «ԻՊ» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներից անջատվելու կարևորությունը: Ահաբեկչական այս խմբավորումների վրա վրա չի տարածվում կրակի դադարեցման ռեժիմը:
Քննարկվել են այլ միջազգային ակտուալ հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, և երկկողմանի հարաբերությունների որոշ հարցեր: