Էկվադորում ևս բանտարկում են նախկին նախագահին
Էկվադորում դատարանը բավարարել է գլխավոր դատախազության պահանջը՝ երկրի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի նախնական բանտարկության մասին:
«Դատավոր Դանիելա Կամաչոն բավարարել է Էկվադորի գլխավոր դատախազության միջնորդությունը եւ հայտարարել է Ռաֆայել Կ.-ի ժամանակավոր բանտարկության մասին»,- նշված է Twitter-ում հրապարակված գերատեսչության հայտարարության մեջ: Էկվադորյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը հենց երկրի նախկին նախագահի մասին է: Ժամանակավոր բանտարկության մասին կարգադրությունը տարածվում է նաեւ նախկին փոխնախագահ Խորխե Գլասի եւ երեք նախկին պաշտոնյաների վրա:
Մեղադրող կողմի կարծիքով՝ պետության նախկին ղեկավարը Էկվադորի ամենախոշոր քաղաքական կուսակցություն Alianza Pais-ում կաշառքի եւ կոռուպցիայի գործով անցնող գլխավոր անձն է, որը նա է հիմնադրել: Դատախազությունը պնդում է, որ նա հրաժարվում է քննության հետ համագործակցելուց: