«Ադրբեջանն ու Վրաստանը հաստատուն դիրքորոշում ունեն սահմանների հարցում». Վրաստանի փոխարտգործնախարար
Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում վրացական կողմը տրամադրել է լրացուցիչ նյութեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լա'ա Դարսալիան` մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վիճելի տարածքների հարցը, գրում է Грузия Онлайн պորտալը:
Ադրբեջանն ուսումնասիրում է Վրաստանի տրամադրած նյութերը:
«Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի նիստը կնշանակվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է սահմանի շուրջ բանակցություններին, կողմերը մեծ պատասխանատվությամբ են մոտենում հարցին, բայց յուրաքանչյուր կողմ ունի իր հաստատուն դիրքորոշումը»,-նշել է փոխարտգործնախարարը:
Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հորդորել է զերծ մնալ այս հարցի հետ կապված չմտածված հայտարարություններից: Նա նշել է, որ նման հայտարարությունները կարող են բացասաբար ազդել գործընթացի վրա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2006-2007թթ. Վրաց-ադրբեջանական սահմանային համաձայնագիրը կարող է վերանայվել, քանի որ նոր քարտեզագրական նյութեր են ձեռք բերվել Դավիթ Գարեջի մենաստանային համալիրի վերաբերյալ: Պատմական վրացական մենաստանային համալիրը վիճելի տարածք է Վրաստանի և Ադրբեջանի միջև, դրա մի մասը գտնվում է Վրաստանի, մյուս մասը` Ադրբեջանի վերահսկողության տակ: