Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է երկրի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում
Վրաստանի «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեին առաջադրել է քաղաքական միավորման ղեկավարի պաշտոնում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է կուսակության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ՝ նախագահի պաշտոնում ներկայացվել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ կուսակցության նոր ղեկավարը կընտրվի համագումարի ժամանակ, որը կայանալու է հունվարի 16-ին:
Նրա խոսքով՝ համագումարի ժամանակ կընտրվի նաև կուսակցության քաղաքական խորհրդի նոր կազմը:
Իշխող կուսակցության նախագահի պաշտոնը մինչ այժմ զբաղեցնում էր կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որն այսօր հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: