Հաստատվել է կլիմայական աղետի վատագույն սցենարը
Այժմ հաստատվում է մարդկային գործունեության հետեւանքով կլիմայի աղետալի փոփոխության վատթարագույն սցենարը: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի եւ Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականները, ովքեր գնահատել են ծովի մակարդակի բարձրացման տեմպերը վերջին 20 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդվում է Nature Climate Change ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է Lenta-ն:
Ըստ արբանյակային տվյալների` Անտարկտիդայում 20-րդ դարի 90-ականներից սկսած սառույցների հալոցքը համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացրել է 7.2 միլիմետրով, իսկ Գրենլանդիայում սառցե վահանի ոչնչացումը` եւս 10.6 միլիմետրով: Չափումները ցույց են տալիս, որ ծովի մակարդակն այժմ տարեկան բարձրանում է 4 միլիմետրով: Հետազոտողների խոսքով` բեւեռային սառույցների հալոցքը կանխատեսվածից ավելի արագ է ընթանում` շրջանցելով կլիմայական մոդելները:
Ակնկալվում է, որ միայն սառույցի հալոցքն ապագայում կնպաստի ծովի մակարդակի բարձրացմանը լրացուցիչ 17 սանտիմետրով: Դա կավելացնի փոթորիկների ալիքի հաճախականությունն աշխարհի խոշորագույն առափնյա քաղաքներում:
Մինչ այժմ օվկիանոսի գլոբալ մակարդակը մեծամասամբ բարձրանում էր ջերմային ընդլայնում կոչվող մեխանիզմի հաշվին, երբ ծովային ջրի ծավալն ավելանում է տաքանալուն զուգահեռ: Սակայն անցած հինգ տարվա ընթացքում սառույցի վահաններից եւ լեռնային սառցադաշտերից սառույցի հալոցքը դարձել է ծովի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը: