Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
Սամցխե-Զավախքի ոստիկանական բաժանմունքը հետաքննություն է սկսել Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով, հայտնում է JNews-ը:
Գործակալությունը նշում է, որ քննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթակետով, որը մեծ գումար ստանալու նպատակով շորթում է ներառում, որն ուղեկցվում է տուժողի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնության, նրանց ունեցվածքը ոչնչացնելու կամ վնասելու, լուրեր կամ այլ տեղեկություններ տարածելու սպառնալիքով, որոնք կարող են էականորեն խախտել նրանց իրավունքները:
Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով: Օգոստոսի 10-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորի փաստաբան Թարիել Մուրմանիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հենզել Մկոյանը երկու անգամ սպառնալիքներով հեռախոսազանգեր է ստացել: «Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին»,- հայտնել էր Մուրմանիշվիլին:
Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի անդամ է 1999 թվականից: Նա երկու անգամ առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից, երկու անգամ «Ազգային շարժման» անունից մտել է օրենսդիր մարմին, իսկ 2016 թվականից ի վեր ներկայացնում է «Վրացական երազանք» կուսակցությունը: 2020 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը չէր առաջադրել Մկոյանին որպես պատգամավորի մեծամասնական թեկնածու: