Վրաստանի խորհրդարանը նամակ է ուղարկել Ռադա՝ խնդրելով Սահակաշվիլուն փոխվարչապետ չնշանակել
Վրաստանի խորհրդարանը Ուկրաինայի Գերագույն Ռադային խնդրել է Միխայիլ Սահակաշվիլուն բարեփոխումների հարցերով փոխվարչապետ չնշանակել։ Հակառակ դեպքում դա «կխափանի երկու երկրների հարաբերությունները եւ կմթագնի համագործակցությունը», գրում է OBOZREVATEL-ը։
Այս մասին ասվում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի պաշտոնական նամակում՝ ուղղված Ուկրաինայի խորհրդարանի ղեկավար Դմիտրի Ռազումկովին։ Նամակը թվագրված է ապրիլի 24-ին։
Վրաստանի խորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում՝ կապված նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման հետ։
«Պարոն խոսնակ, բոլորին հայտնի է, որ վրացական դատարանը Միխայիլ Սահակաշվիլիին հեռակա մեղավոր է ճանաչել մի շարք լուրջ քրեական գործերով։ Նրա մեղավորությունն այդ ծանր հանցագործություններում հաստատել են մեր երկրի բոլոր երեք դատական ատյանները։ Պարոն Սահակաշվիլիի վրա է իր կառավարման օրոք մարդու իրավունքների ոլորտում համակարգային խախտումների, ծառայողական իրավասությունների չարաշահման, ԶԼՄ-ների ազատության սահմանափակման, սեփականության իրավունքի խախտման եւ ազատ ընտրությունների սպառնալիքի ստեղծման քաղաքական պատասխանատվությունը»,- ասվում է նամակում։
«Նրա հնարավոր նշանակումը կմթագնի մեր երկրների միջեւ քաղաքական համագործակցությունը եւ մեր համատեղ ջանքերը։ Մենք տարածքային ամբողջականության վերականգնման եւ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության շատ ընդհանուր մարտահրավերներ եւ նպատակներ ունենք։ Ես գրում եմ Ձեզ, քանի որ հավատում եմ, որ մեր համաքաղաքացիները պետք է իրազեկված լինեն այս հանգամանքների մասին եւ հասկանան մեր մտահոգության պատճառը, որին նաեւ պետք է ծանոթանան մեր ուկրաինացի գործընկերները՝ մինչ որեւէ որոշում կայացնելը»,- ընդգծել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։