2020 թվականի պետբյուջեի նախագծով Հայաստանն ակնկալում է արտասահմանից ստանալ 33,8 մլրդ դրամի դրամաշնորհ
2020 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ Հայաստանն ակնկալում է արտասահմանյան պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստանալ 33,8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ՝ 31 մլրդ դրամի փոխարեն, որ նախատեսված էր Միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ սա պայմանավորված է ինչպես առաջարկվող գումարների չափերի ու ծավալների շտկմամբ, այնպես էլ հաշվարկների փոփոխությամբ՝ եվրոյի եւ ամերիկյան դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով, որոնց հիման վրա են կատարվել հաշվարկները:
Մասնավորապես՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում 486,42 եւ 546,54 դրամն էր համապատասխանաբար՝ դոլարի եւ եվրոյի դիմաց, իսկ արդեն բուն նախագծում հաշվարկները կատարվել են հետեւյալ փոխարժեքեվ՝ 476,17 եւ 522,03 դրամ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պնդմամբ՝ Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով, ինչը կազմում է բյուջեի կանխատեսվող եկամուտների 94,4 տոկոսը՝ 2019 թվականի բյուջեում նախատեսված 1 տրլն 401 մլրդ դրամի դիմաց։
Միեւնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհները սպասվում են 33,8 մլրդ դրամի չափով 2019-ի 39,5 մլրդ դրամի փոխարեն, իսկ մյուս եկամուտները՝ 61,7 մլրդ դրամի չափով ընթացիկ տարում հաստատված 55,1 մլրդ դրամի փոխարեն։
Բացի այդ, 2020 թվականին պետական գանձարանի հարկային եկամուտների տեսակարար կշիռը 2019-ի համեմատ կավելանա 0,3 տոկոսային կետով՝ մինչեւ 22,6 տոկոս։ Պետական գանձարանի մուտքերը պետտուրքերի գծով նախատեսված են 44,6 մլրդ դրամի մակարդակով՝ 2019-ին հաստատված 39,4 մլրդ դրամի եւ 2018-ի փաստացի 37,7 մլրդ դրամի փոխարեն։