Ռուսաստանում մահացած Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի» գործով որպես վկա հարցաքննվել էր. Հայկ Հարությունյանի կամ Աշոտ Կարապետյանի մահերը կապվա՞ծ են տվյալ գործի հետ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի» գործով որպես վկա հարցաքննվել էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Որպես այդ պահին որոշակի աստիճան ունեցող ոստիկանության աշխատակից որպես վկա հարցաքննվել է այդ գործով»,-նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է Աշոտ Կարապետյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահը կապված լինի «Մարտի 1»-ի գործի հետ, Դավթյանն ասաց․ «Քրեադատավարական լեզվով դրանք կոչվում են վարկածներ, այսպիսի վարկածներ միշտ առաջադրվում են և դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր գործողություններ կատարվում են։ Բայց ձեր մատնանշած անձանց մասով ես չունեմ գեթ մեկ փաստական տվյալ, որի վերաբերյալ ես Ձեզ հետ անկեղծորեն կիսվեմ և որը այդ վարկածի հաստատման օգտին կխոսի։ Ես հակված եմ բոլոր վարկածները ստուգելուն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։