Հովհաննես Քոչարյանի հայտարարությանը, թե ինքը համաձայն չէ, որ համակարգը ղեկավարի քաղաքացիական անձ, հաջորդել է իր հրաժարականի դիմումը. Վ. Կարապետյան
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի այդ հայտարարությանը հաջորդել է իր հրաժարականի դիմումը, իսկ վարչապետի հետ խոսակցություն չի եղել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հովհաննես Քոչարյանը ազատման դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ դրանից մեկ օր առաջ հայտարարել էր, որ համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը ղեկավարի քաղաքացիական անձ:
«Հույս ունեմ, որ ինձ չեք խնդրում մեկնաբանել պարոն Քոչարյանի ասածը.
Դրանից հետո ինքը գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել աշխատանքից ինչը եւ արվել է»,-ասաց Կարապետյանը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ղեկավարեն քաղաքացիական անձինք: Այդ օրինագիծը մերժվել է, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն կներկայացվի լրամշակված տարբերակով: