Փաշինյանի այցը Ջերմուկ ուշացած է, բայց իշխանությանը պետք է ձեռք մեկնել. քաղաքագետ Վիգեն Խաչատրյան
1990-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Եվ այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի զրուցակից՝ քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն ասաց. «Անկախ պետականությունը, իմ խորը համոզմամբ, ինքնանպատակ չէ, և որպես ազգ՝ մենք առաջին հերթին ձեռք բերեցինք արժանապատվություն»:
Նրա խոսքով՝ մեր դարերի երազանքն իրականություն դարձավ, երբ մեր ազգը ունեցավ իր պետությունը. «Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ դա իրե՛նց պետությունն է, ոչ թե իշխանավորների պետությունը. սա ամենալուրջ խնդիրն է, որ առ այսօր դեռ լուծված չէ»:
Վիգեն Խաչատրյանի համոզմամբ՝ պետությունը այնքանով է սուվերեն, որքանով սուվերեն է իր յուրաքանչյուր քաղաքացի. «Իսկ մենք քաղաքացու սուվերենության համար անհրաժեշտ միջավայր դեռ չենք ձևավորել, ընդհակառակը՝ այս տարիների ընթացքում մարդու սուվերենությունը անընդհատ ոտնահարվել է: Հիմա հրաշալի մի նոր փուլ է սկսվել, որը երկար կտևի, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետությունը իրե՛նցն է, և իրենք տիրոջ պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն իրենց պետությանը»:
Մեր զրուցակիցը նշեց, որ խորհրդային համակարգը անբնական և անհեռանկար համակարգ էր, որը պետք է փլուզվեր. «Եվ հիմա Հայաստանում ասպարեզ է իջնում մի սերունդ, որը չի ապրել այդ խորհրդային համակարգում»:
Հիշելով Հռչակագրի ընդունումից հետո Անկախության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը՝ Վիգեն Խաչատրյանը ասաց. «Տոն էր Հայաստանում, և այդ օրը Վանո Սիրադեղյանը ելույթ ունեցավ և ասաց. «Նախ՝ այսուհետ Հայաստանը մեր պետությունն է, և մենք չպիտի գողանանք (նախորդում կարելի էր՝ էն մերը չէր), և երկրորդ՝ այլևս հայը հայի արյուն չպիտի թափի»: Սրանք լավ կարգախոսներ էին, բայց այս մտածողությունը չխորացվեց»:
Քաղաքագետը նկատեց՝ հասարակությունների զարգացման հիմքում դրված են քրիստոնեական էթիկայի հիմքերը, ոչ թե մասնավոր սեփականության ձևերը. «Այ, չկարևորվեցին այս բարոյականության սկզբունքները. պետությունը հռչակվեց, բայց այդ պետության խարիսխը պետք է լինեին քրիստոնեական պատվերները՝ չի կարելի գողանալ, չի կարելի սպանել, չի կարելի… այս «չի կարելիները» պետք է հռչակվեին»:
Վիգեն Խաչատրյանը չի կարծում, որ մենք կորուստներ ենք ունեցել, սակայն հավելում է՝ չունեցանք անհրաժեշտ ձեռքբերումները. «Եվ ես հիմա ուրախ եմ, որ կարծես հիմա այդ ձեռքբերումները իրականություն դարձնելու ճանապարհով ենք գնում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: