ՆԳՆ-ն Ղրղզստանի նախկին նախագահի ազգականի տանը անկարգությունների կազմակերպման ծախսերի ցանկ է հայտնաբերել
Ղրղզստանի ՆԳՆ-ն նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ազգականներից մեկի տանը հայտանբերել է նրա կողմնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման ծախսերի ցանկ: Այս մասին ասվում է շաբաթ նախարարության տարածած հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մարդկանց ցուցակներ՝ բնակավայրերի նշմամբ, հեռախոսահամարներով, ինչպես նաեւ 2.225 մլն սոմ (32 հազար դոլար) և 318 հազար դոլարի ծախսերի մասին գրառումներ: Նախնական տվյալներով՝ նշված գումարները ծախսվել են հանրահավաքների և զանգվածային անկարգությունների մասնակիցներին պահելու և ֆինանսավորելու համար», - նշվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով՝ այդ միջոցները պահպանվել են Ատամբաևի որդու աներոջ տանը: Այնտեղ են գտնվել նաև գումարները ստացողների անունները:
«Ներկայումս տվյալ ցուցակները մանրակրկիտ ստուգվում են և հետագայում դրանց վերաբերյալ օրինական որոշում կընդունվի», - նշում է ՆԳՆ-ն:
Անձեռնմխելիությունից զրկված Ատամբաևը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին Կոյ Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տևած հատուկ գործողության ընթացքում:
Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել, գործողության ժամանակ մահացել է մեկ հատուկ ջոկատային: Դիմակայության ընթացում բժշկական օգնության համար դիմել էր ավելի քան 100 մարդ, այդ թվում ոստիկանության աշխատակիցներ:
Նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն ասել է, որ Ատամբաևը խախտել է Սահմանադրությունը՝ զինված դիմակայություն ցույց տալով ուժայիններին: Դատարանը առնվազն մինչեւ օգոստոսի 26-ը նախկին նախագահին կալանավորելու որոշում է կայացրել և Ատամբաևը տեղափոխվել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարան:
Նախկին նախագահին ծանուցում է հանձնվել իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մահափորձ կազմակերպելու, գերեվարում կազմակերպելու, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին բանտարկությունից ապօրինաբար ազատ արձակելու ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի և Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ կապված անօրինական գործարքի և Կոյ Տաշ գյուղում ապօրինի հողատարածք ձեռք բերելու կասկածանքի մասին: