Նախկին ոստիկաններն ուզում են վերականգնվել ոստիկանությունում ծառայության. Նրանց ընդունել է Օսիպյանը (տեսանյութ)
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց քաղաքացիների:
Նրանք ոստիկանության պետին հիմնականում ներկայացնում էին բողոքներ, դիմումներ ու առաջարկություններ:
Քաղաքացիների դիմումները կապված էին նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների հետ, որոշները տուժել էին ոստիկանների գործողություններից, կային նաեւ քաղաքացիներ, որոնք տուժել էին այլ գերատեսչությունների գործողություններից:
Մի քանի հարցեր Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ տեղում ստացան լուծումներ, որոշ խնդիրներով էլ հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին՝ ընթացք տալու համար:
Այն բողոքները, որոնք ոստիկանության իրավասությունից դուրս էին՝ պարզաբանվեցին եւ ուղղորդվեցին ճիշտ հասցեատերերին:
Հանդիպման էին ներկայացել նաեւ նախկին ոստիկաններ, որոնք ցանկանում են վերականգնվել ոստիկանությունում ծառայության: Նրանց դիմումները ուղարկվեցին ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ստուգումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում քաղաքացիների հետ: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել ոստիկանության ընդունարանում, հասցեն՝ Նալբանդյան 130: