Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի առջև
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր՝ «Եվրոպական Վրաստան․ շարժում հանուն ազատության» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների պատգամավորները հանրահավաք են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ՝ մեղադրելով իշխանություններին դատարանում կլանային իշխանության խթանման համար:
Ակցիան սկսվել է Վրաստանի Գերագույն դատարանի մոտ, ապա մասնակիցները երթով հասել են խորհրդարանի շենք: Ցուցարարները կրել են անգլերեն և վրացերեն պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Չկա արդարություն, չկա խաղաղություն» և «Կլանը պետք է հեռանա»։
Ընդդիմադիրները պնդում են, որ այսօր Վրաստանի դատական համակարգը ղեկավարվում է «Լևան Չինչալաձեի գլխավորած կլանը», որը կատարում է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատվերները: Իշխանությունները կտրականապես հերքում են դա:
«Մենք սկսում ենք խորհրդակցություններ քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական խմբերի, հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի կա՛մ կլանը թողնի դատական համակարգը, կա՛մ իշխանությունները հեռանան», – լրագրողներին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Նինո Գոգուաձեն:
Միևնուն ժամանակ, «Գերագույն դատարանի դատավորների ընտրության չափանիշների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ աղմկոտ քննարկումներ են ընթանում: Դրանք վերսկսվել են այն բանից հետո, երբ Վենետիկի հանձնաժողովը, ուսումնասիրելով իշխանության ներկայացրած նախագիծը, նոր հանձնարարականներ էր տվել:
Նշենք, որ մինչ օրս Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների ընտրության հստակ չափանիշներ չկան: Դա իր հերթին սկանդալի պատճառ էր դարձել, որ իշխող կուսակցությունը լքեն մի շարք անդամներ, անգամ դատական օրենքի վերջին նախագծի հեղինակ, խորհրդարանի Իրավական հարձերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան:
Վրաստանում «դատական սկանդալ» էր սկսվել այն բանից հետո, երբ 2018 թ.վերջում, երբ Արդարադատության խորհուրդը խորհրդարանին էր ներկայացրել Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ցանկն` առանց կենսագրականների և հիմնավորումների խնդրելով արագ հաստատել ցանկը, քանի որ դատարաններում դատավորների խիստ պակաս է զգացվում:
Ցանկում հայտնվել էին դատավորներ, ովքեր Սաակաշվիլիի իշխանության քաղաքական պատվերներ են կատարել: