Հայաստանն ու Բուլղարիան դյուրացնում են ավտոմոբիլային փոխադրումների գործընթացը. «Կզարգանան ինտերմոդալ փոխադրումները»
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում հավանություն տվեց Բուլղարիայի Հանրապետության հետ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջեւ առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը, ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների խթանմանը, ինչպես նաեւ երկու երկրների տարածքով, կամ այդ տարածքներով տարանցմամբ դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոտրանսպորտային փոխադրումների դյուրացմանը:
Սույն համաձայնագրի ստորագրումը նաեւ խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաեւ ճանապարհային անվտանգության եւ վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Հաշվի առնելով բեռների եւ ուղեւորների փոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը, որի արդյունքում դյուրացվել է փոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար նվազել է փաստաթղթերի ձեւակերպման վարչարարությունը, ժամանակը եւ ծախսերը, ինչպես նաեւ ներկայումս ՀՀ-ի կողմից փոխադրումների բնագավառում վարվող քաղաքականությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը: