Սնանկության դատարանի նախագահի ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հուսանք՝ չի մոռացել:
Փոխարենը ներկայացված է 2017 թվականի հայտարարագիրը, երբ նա զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Ի դեպ, վատ ձեռքբերումներ չի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականին նա բավականին էժան գներով հողամասեր է ձեռք բերել: Թե ինչպես է դա նրան հաջողվել, հայտնի չէ: Այսպես, նա երկու հողամաս է գնել, մեկը՝ 317 հազար 900 դրամով, մյուսը՝ 527 հազար դրամով:
Բացի այս, 2017 թվականին նա հողին ամրակայված երկու անշարժ գույք է գնել, մեկը՝ 70 հազար 200 դրամով, մյուսը՝ 6 հազար դրամով: Դատարանի նախագահի դրամական միջոցները կազմել են 22.5 մլն դրամ և 9500 դոլար: Գարիկ Ավագյանի ընդհանուր եկամուտը 2017 թվականին կազմել է 59 մլն 869 հազար դրամ, մոտ 680 հազար դրամ կազմել է Ավագյանի ամսական աշխատավարձը, 2 մլն 720 հազար դրամի «այլ եկամուտ» է ունեցել. թե ինչից, պարզ չէ: Իսկ ստացած փոխառությունը կազմել է 49 մլն դրամ:
Նշենք, որ ՀՀ Սնանկության դատարանը գործում է այս տարվա հունվարի 1- ից: Գարիկ Ավագյանի՝ Սնանկության դատարանի նախագահ ընտրվելը որոշ դատավորների կողմից չընդունվեց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: