Լևոն Ջուլֆալակյանը գոհ է հավաքականի արդյունքներից
Ֆրանսիական Նիս քաղաքում Ըմբշամարտի միջազգային մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականի տարած հաղթանակին է այսօր անդրադարձել հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ հավաքականը մրցաշարին մասնակցել է ոչ լիաժեք մարզավիճակով, չնայած դրան, գլխավոր մարզչին գոհացնում են հավաքականի գրանցած արդյունքները:
Հավաքականի մարզիչը խոսել է նաև Արթուր Ալեքսանյանի՝ մարզումները վերսկսելու և առաջիկա մրցաշարերին մասնակցելու մասին:
«Վերջնական բժիշկները կասեն, թե ինչ ծանրաբեռնվածության պետք է սկսի մարզումները: Արթուրը նպատակ ունի լավ պատրաստվելու Աշխարհի առաջիկա առաջնությանը, և, բնականաբար, մինչև Օլիմպիական խաղերը, դա հաստատ է, փաստ է: Եթե առողջական խնդիրներն իրեն չխանգարեցին՝ ինքը լուրջ նպատակով պետք է պատրաստվի և՛ Աշխարհի առաջնությանը, և՛ բնականաբար մինչև Օլմիպիական խաղերի առաջնությանը», – ասել է Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացված մրցաշարին Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները 4 ոսկի և 2 բրոնզե մեդալ էին նվաճել: