Րաֆֆի Հովհաննիսյանը մտածում է, թե բոլորի «պապան է». քաղաքագետ
Operativ.am-ի թղթակիցը հետընտրական գործընթացների մասին զրուցեց քաղաքական մեկնաբան Սերգեյ Շաքարյանցի հետ.
-Ընտրությունների հետագա ընթացքը կախված է այն հանգամանքից, թե ինչ են քննարկել երեկվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչքանով ես եմ տեղյակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց իր և Սերժ Սարգսյանի հանդիպման և իրենց պայմանավորվածության մասին:
-Ձեր կարծիքով իրենց մեջ որոշակի պայմանավորվածություն եղե՞լ է:
-Երևի թե եղել է ինչ-որ պայմանավորվածություն, քանի որ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆին հրաժարվել է խոսել լրագրողների հետ և որևէ մեկնաբանութուն տալ, այնուհետև հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ:
-Պրն. Շաքարյանց, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես հրաժարվեց լրագրողների ներկայությունից հանդիպման ժամանակ, այնուհետև ՀՀ նախագահականից մամուլի հաղորդագրություն ուղարկեցին, համաձայն որի նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների նկարահանումը նախապես է սահմանվում: Ըստ Ձեզ՝ ի վերջո ու՞մ ցանկությունն էր, որ հանդիպումը չլուսաբանվի:
-Ես կարծում եմ, որ այստեղ մի քիչ մշուշոտ է, որովհետև այն ձայնագրությունը, որը համացանցում տեղադրված է, վկայում է այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել, որ լրագրողները ներկա գտնվեն հանդիպմանը, թե հետո ինչ եղավ, որ շրջանառության մեջ դրվեց հակառակ տեսակետը, թե սխալ տեղեկատվություն է տարածվում, ես արդեն տարակուսանքի մեջ եմ, որովհետև տեսագրությունը մի բան է վկայում, այնուհետև տարածված լուրը՝ մեկ այլ բան: Կողմերից մեկը չի ցանկացել հանդիպման թափանցիկությունը, ամեն դեպքում՝ Սերժ Սարգսյանը վախենալու բան չունի:
-Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի՞ վախենալու պատճառ:
-Երևի թե ունի:
-Արդյոք սա մեզ հի՞մք է տալիս ենթադրել, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կոալիցիա մտնելու և բարձր պաշտոն ստանալու հարցը:
-Բարձր պաշտոնը Րաֆֆի Հովհաննիսյանի համար անթույլատրելի շքեղություն է, որովհետև երբ նախագահական գնալուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք էր անում ազատության հրապարակում և սպասում էր, որ Սերժ Սարգսյանը կգա և կհանձնի իրեն իշխանությունը, գոնե որպես իրավաբան՝ ինչպես իր կենսագրության մեջ է նշված, պետք է գիտակցեր, որ դա անիրական է. ըստ սահմանադրության իշխանության փոխանցման պահը պետք է մի քիչ ուշ լիներ:
-Պրն. Շաքարյանց ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանդիպումը, որ տեղի ունեցավ երեկ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանի, «ՀՅԴ» պատգամավոր Հրանտ Մարգարյանի միջև, ինչի՞ մասին կարող էին խոսել վերջիններս:
-Շատ պարզ ու պրիմիտիվ առարկաներից կարող էր խոսել Րաֆֆի Հովհաննիսյանը «ՀՅԴ» պատգամավորների հետ:
Դեռ մեկ օր առաջ Րաֆֆին հրապարում հայտարարություններ էր անում, թե ՀՅԴ-ն միանալու է իրեն, նույն օրը դիմել եմ «ՀՅԴ» իրավասու անձանց՝ ցանկանալով մեկնաբանություն ստանալ, այնտեղ էլ ասեցին. ինչ-որ մեկի ցանկությունը հո մեր կուսակցության որոշումը չէ՞, հո «Դաշնակցությունը» «Ժառանգություն» չի, որ ինչ-որ մի բան լինի, հետո մարդիկ հեռանան կուսակցությունից՝ առանց պարզաբանելու, թե ինչու են հեռանում:
Եթե հիշենք հետընտրական պրոցեսները, կհիշենք, որ «Ժառանգությունը» լքել են մի շարք մարդիկ:
-Ստացվում է, եթե ՀՅԴ-ն որոշի համագործակցություն ծավալել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կիջեցնի՞ իր վարկանիշը:
-Վերջին 10 տարվա ընթացքում առաջին դեպքը չէ, որ «Ժառանգությունը» փորձում է «ծռել» ՀՅԴ-ին հանուն իր շահի, սակայն ՀՅԴ-ն երբեք թույլ չի տվել, որ որևէ կուսակցություն օգտագործի իր անունը՝ հանուն ինչ-որ մեկի վարկանիշի:
Չեմ զարմանա, որ Րաֆֆին ցանկանա հանդիպել ԲՀԿ առաջնորդների հետ, դա իր վաղեմի երազանքն է. նա մտածում է, թե կարող է բոլորին միավորել. իբր թե բոլորի «պապան» է:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը