Հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շարասյունը
![](/timthumb.php?src=disc/15-02-25/2d73668e22b9b473ed43d836101b37b3.jpg&w=450)
Փետրվարի 14-ի երեկոյան Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շարասյունը, որը խաղաղապահներին Բեյրութի օդանավակայան էր տեղափոխում, դաժան հարձակման է ենթարկվել, որի հետևանքով այրվել է ավտոմեքենաներից մեկը:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մամուլի ծառայության տվյալով՝ ծառայությունն ավարտող հրամանատարի տեղակալը վիրավորվել է։
«Մենք խորապես վրդովված ենք նման բարդ ժամանակաշրջանում Լիբանանի հարավում անվտանգության և կայունության ապահովման խնդիր կատարող խաղաղապահների վրա այդ հարձակմամբ: Խաղաղապահ ուժերի վրա հարձակումները միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են և կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ: Կոչ ենք անում Լիբանանի իշխանություններին իրականացնել օպերատիվ և համակողմանի հետաքննություն, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չնայած միջադեպին՝ խաղաղապահները շարունակում են իրականացնել Լիբանանի հարավում անվտանգության և կայունության հաստատման իրենց առաքելությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևով սահմանված մանդատի համաձայն: