Պերուում կապիբարայի հագուստով ոստիկանը թմրավաճառի է ձերբակալել
![](/timthumb.php?src=disc/15-02-25/32bb13042c4779b8f5986bec78de27c3.jpg&w=450)
Պերուում ոստիկանը կապիբարայի զգեստ է հագել՝ թմրանյութ վաճառողին ձերբակալելու համար, հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
«Լուրինում (մայրաքաղաք Լիմայի մոտ գտնվող քաղաք.-Խմբ.) մի խումբ ոստիկան, օգտագործելով քողարկման մարտավարությունը, բռնել է թմրավաճառին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում։
Նշվում է, որ կասկածյալը բացել է մուտքի դուռը կապիբարայի հագուստով ոստիկանի առաջ և թույլ է տվել ներս մտնել։ Տղամարդուն անմիջապես բերման են ենթարկել։
Թմրավաճառի մոտ հայտնաբերվել է ապօրինի նյութերի 1700 փաթեթ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Պերուի ոստիկանությունը քողարկված միջոցներ է օգտագործում ձերբակալություններ իրականացնելու համար։
Անցյալ տարի, կաթոլիկ Սուրբ Ծննդից քիչ առաջ, պերուացի ոստիկանը, որը հագնված էր հորինված կերպարի Գրինչի հագուստով, ներխուժեց Լիմայում թմրանյութերի որջ:
Այնուհետեւ առգրավվել է մեծ քանակությամբ մարիխուանա։ Իսկ Հելոուինի տոնակատարության ժամանակ ոստիկանները, որոնք հագնված էին կոմիքսների հերոսներ Դեդփուլի և Վուլվերինի կերպարանքով, հյուսիսային Պերուում ձերբակալեցին թմրավաճառների մի հանցախմբի: