Կոռուպցիայի գինը․ Պիկեն կանչվել է դատարան
![](/timthumb.php?src=disc/15-02-25/81eb863117665e3bc4c82a787a07afbb.jpg&w=450)
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF)՝ Սուպերգավաթի անցկացման վայրի ընտրության գործով նոր զարգացումներ են տեղի ունենում։
Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մարտի 14-ին պետք է ներկայանա դատարան՝ ցուցմունքներ տալու համար։ Գործով անցնում է նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը։
Դատարանը պահանջել է Սաուդյան Արաբիայի իշխանություններից ներկայացնել տեղեկություններ Պիկեի և Ռուբիալեսի բանկային հաշիվներին կատարված փոխանցումների մասին, ինչպես նաև Պիկեի վերահսկողության տակ գտնվող ընկերության ֆինանսական գործարքների վերաբերյալ։
Ավելի վաղ El Confidencial-ը հրապարակել էր փաստաթղթեր, որոնք ենթադրաբար հաստատում են, որ Ռուբիալեսը ճնշում է գործադրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք Պիկեի ընկերությանը վճարեն 24 միլիոն եվրո՝ Իսպանիայի Սուպերգավաթի կազմակերպման դիմաց։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը Սաուդյան Արաբիայում անցկացվել է 2020, 2022, 2023, 2024 և 2025 թվականներին՝ առաջացնելով տարատեսակ քննադատություններ և շահերի բախման վերաբերյալ մտահոգություններ։
Հիշեցնենք, որ Պիկեն ակտիվորեն ներգրավված է ֆուտբոլի բիզնեսում՝ Kosmos ընկերության միջոցով, որը մասնակցել է մի շարք խոշոր նախագծերի, այդ թվում՝ Սուպերգավաթի ձևաչափի փոփոխությանը։
Գործի հետագա զարգացումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես Պիկեի, այնպես էլ Իսպանիայի ֆուտբոլային կառույցների համար, փոխանցում է Armsport-ը։