Եվս մեկ մեդալ՝ հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
![](/timthumb.php?src=disc/14-02-25/3a775ae5af3b6821e4fa6cc4f5dca7d9.jpg&w=450)
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն արծաթե մեդալ են նվաճել Մ18 տարեկանների պայքարի 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում։
Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցել է 880 միավոր և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում հայ հրաձիգները 12:10 հաշվով առավելության են հասել Լեհաստանի նկատմամբ, իսկ եզրափակչում 8:12 հաշվով զիջել են բուլղարացիներին՝ դառնալով ԵԱ-ի արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել էր 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի թիմային մրցման հաղթող։ Հայաստանի ներկայացուցիչները նաև Եվրոպայի ռեկորդ էին սահմանել՝ վաստակելով 1120 միավոր:
Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը մրցավայր է մեկնել 5 մարզիկով։ Հայաստանը ներկայացրել են ատրճանակավարներ Գրիգոր Պողոսյանը, Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և հրացանակիր Դավիթ Խաչատրյանը:
Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Եվրոպայի Մ16 և Մ18 տարեկանների առաջնությունը կտևի մինչև փետրվարի 15-ը: Մրցմանը շուրջ 240 հրաձիգ է մասնակցում: