Դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ
![](/timthumb.php?src=disc/14-02-25/5bf318f8e69eed44c78d355e7a0e0f08.jpg&w=450)
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Վարույթի արդյունքում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել, իսկ մի շարք դեպքերում չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Մասնավորապես՝ երկու անգամ նույն քրեական վարույթով Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել հատուկ վերանայման բողոք թերություններով, որը մեկ անգամ վերադարձվել է դատարանի կողմից, իսկ երկրորդ անգամ՝ թողնվել առանց քննության: Բացի այդ՝ քրեական վարույթներով նախաքննությունն անհարկի ձգձգվել է, դատախազական ներգործության միջոցների կիրառման ակնհայտ հիմքերի առկայության պայմաններում չի կիրառվել ներգործության որևէ միջոց, ինչպես նաև հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել:
Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի փետրվարի 7-ին ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:
Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:
Գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամանով՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով և վերջինս փոխադրվել է դատախազության դատախազի պաշտոնին: