Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանում հասանելի են ֆրանսերեն լեզվով աուդիոգիդեր
![](/timthumb.php?src=disc/14-02-25/6ed21e531fe5d6abf7128d1ac47384c6.jpg&w=450)
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում և վերջիններիս ֆինանսական աջակցությամբ ֆրանսերեն են թարգմանվել և ձայնագրվել Հայոց ցեղասպանության թանգարանի աուդիոգիդերի համար պատրաստված տեքստերը:
Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանկաֆոն այցելուները աուդիոգիդերի միջոցով հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանային ցուցադրությանը: Հաշվի առնելով, որ նրանց թիվը զգալի մեծ է, ֆրանսերեն աուդիոգիդերի գործարկումը խիստ անհրաժեշտ էր և կարևոր:
Նշենք, որ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցությունը սկսվել է դեռ 2020 թվականից, որի շրջանակում լույս էր տեսել «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը:
Այս անգամ շրջանի ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է ֆրանսիահայ պատմաբան, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ֆրանսերեն տարբերակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր երախտագիտությունն է հայտնում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարությանն աջակցության և համագործակցության համար: