ՍԱՏՄ ղեկավարի գլխավորությամբ քննարկվել է ՌԴ և ԵՄ երկրներ հայկական ձկնամթերքի արտահանման հարցը
![](/timthumb.php?src=disc/14-02-25/640cf364c3d0311ccbb603129b8d1051.jpg&w=450)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը:
Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի որակի խնդիրներին ու այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությանը:
Արմեն Դանիելյանը նշել է, որ տեսչական մարմնի կողմից արտահանման վարչարարության ժամանակը կհասցվի նվազագույնի՝ չթուլացնելով, սակայն, սահմանային վերահսկողության գործընթացները, իսկ ձկնաբույծների գործունեությունը պետք է լինի թափանցիկ, արտադրանքի կանխատեսելի որակը՝ երաշխավորված, ռիսկերը՝ կառավարելի:
«Դուք պետք է գործեք խիստ փոխկապակցված: Ցանկացած արտադրողի թերացումը բացասական ազդեցություն է ունենալու մյուս բոլոր արտադրողների համար: Մեր կողմից տրամադրվող սերտիֆիկատը չպետք է դրվի կասկածի տակ»,- զգուշացրել է ՍԱՏՄ ղեկավարը:
Արտահանող ձկնաբույծները նշել են, որ իրենք խիստ շահագրգռված են պահպանել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացվող պահանջներն ու ավելացնել արտահանումների քանակը, ինչպես նաև՝ իրենց գործունեությունը համապատասխանեցնել ԵՄ հստակեցված պահանջներին՝ նկատի ունենալով այդ ուղղությամբ արտահանման հնարավոր հեռանկարը: