Առաջիկայում ՀՀ-ում սպասվում են առատ ձյան տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ նվազում. մանրամասնում է Սուրենյանը
![](/timthumb.php?src=disc/14-02-25/b8cc10c3b4d7f239aa0b431af9eaee05.jpg&w=450)
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, իսկ դրա ակտիվ գոտին առաջիկա ժամերին կմոտենա տարածաշրջանին։
«Այս պահի դրությամբ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, բայց տեղումների ինտեսիվությունն ու տարածական ընդգրկվածությունը կմեծանա կեսօրից հետո։ Տեղումները կշարունակվեն մինչև վաղը առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Արդեն փետրվարի 15-ի կեսօրից հետո մինչև փետրվարի 18-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, ասում է նա:
«Փետրվարի 18-ին՝ կեսօրից հետո, Արևմուտքից Հայաստանին է մոտենալու հաջորդ ցիկլոնը, 18-ի ցերեկային ժամերին տեղումներ կդիտվեն հիմնականում հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում։ Փետրվարի 19-ին ցիկլոնը կընդգրկի հանրապետության ողջ տարածքը, տեղումներ կդիտվեն ամենուր, իսկ 20-ին ցիկլոնի ակտիվությունը կմեծանա, և հանրապետության ողջ տարածքում կդիտվեն առատ տեղումներ»,- մանրամասնում է նա։
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 20-ը էապես չի փոխվի, ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը, սակայն, 20-ից սկսած, հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում:
Ըստ Սուրենյանի՝ եղանակային այս իրադարձությունները փետրվարին բնորոշ են. «Փետրվարի համար աննորմալ եղանակ էր վերջին օրերի չորությունն ու ջերմությունը, ինչ եղանակ, որ սպասվում է առաջիկայում, այս ամսվա համար նորմալ երևույթ է։ Փետրվարը մեր հանրապետության տարածքում ամենատեղումնառատ ամիսն է, տեղումների մեծ դեֆիցիտ ունենք, որովհետև ունեցել ենք չոր հունվար, դեկտեմբեր։ Այս պահի դրությամբ տեղումների քանակը ՀՀ ողջ տարածքում կլիմայական նորմայից խիստ ցածր է»:
Վերջինիս խոսքով՝ կա ձյան խիստ պակաս, նույնիսկ կան Լեռնային գոտիներ, որտեղ ձյան ծածկն ընդհանրապես բացակայում է, և սպասվող տեղումները կմեղմեն, այսպես ասած, առաջացած կլիմայական շեղումը: