Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք»
![](/timthumb.php?src=disc/14-02-25/379be1571bba39810536393781114952.jpg&w=450)
OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) լրագրողների թիմը մանրամասներ է պարզել թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի (Halil Falyalı) բազմամիլիոնանոց խաղադրույքների բիզնեսի մասին: Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանից նրա գործընկերը Վիգեն Բադալյանն է եղել, որն առցանց խաղերի և խաղադրույքների բիզնեսում հսկա «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետերերից մեկն է, գրում է «Հետք»-ը։
Ըստ Օնալի՝ Բադալյանի ընկերությունն իրականացրել է Թուրքիայում խաղադրույքներ ընդունող բազմաթիվ կայքերի ծրագրային ապահովումը, իսկ Ֆալյալին եղել է հայ գործարարի՝ Թուրքիայում գործունեության հովանավոր-աջակիցը:
Բադալյանի իրավաբանական թիմը հերքել է Օնալի պնդումները:
«Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ., 100 տոկոսի բաժնետերը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited ընկերությունն էր, որի միակ բաժնետերը կրկին Մենում գրանցված Boston Nominees Limited ընկերությունն է: Soft Construct Limited-ի վերջին տարեկան հաշվետվության մեջ տնօրեններից մեկը Վիգեն Բադալյանն է:
2020 թվականին «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ում 50-ական տոկոս բաժնեմասերով փայատեր են դարձել եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները: 2021 թ. ընկերությունը վերակազմակերպվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի:
«Սոֆթ Կոնստրակտ»-ը, բացի խաղադրույքներ ընդունելուց, առաջարկում է խաղադրույքների կայքերի և խաղերի ստեղծման ծառայություններ, խաղերի ոլորտն ավելի հեշտ կազմակերպելու համար տեխնոլոգիական նորարար լուծումներ։
«Սոֆթ Կոնստրակտ»-ի Vbet ապրանքանիշը Հայաստանում գիտեն գրեթե բոլորը: Վիգեն Բադալյանն իր կայքում ներկայացնում է իրենց ստեղծած բրենդները: Բայց այս բրենդը վաղուց է հատել Հայաստանի սահմանը: Vbet-ը ներկայացված է ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում բացված գրասենյակների միջոցով: Vbet-ը գովազդում են ֆուտբոլային հանդիպումներում, զանազան համերգներում, մրցույթներում:
Vbet.com կայքը գործունեություն է ծավալում կարիբյան Կյուրասաո կղզի-պետությունում գրանցված և այդ երկրից շահումով խաղերի լիցենզիա ստացած Radon B.V. ընկերության միջոցով (Կյուրասաոն, որն օֆշորային գոտի է, ինքնավարություն է Նիդերլանդների Թագավորության կազմում), իսկ vbet.am-ի օպերատոր-կազմակերպիչը հայկական «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է:
Բադալյանները հերքում են իրենց կապը Ֆալյալիների հետ
Հալիլ Ֆալյալին կիպրոսցի թուրք գործարար էր: 2022 թ. փետրվարի 8-ին մի խումբ զինված մարդիկ հարձակվել են նրա մեքենայի վրա։ Վարորդը՝ Մուրատ Դեմիրթաշը, սպանվել է մեքենայում, իսկ Ֆալյալին, ստանալով 16 հրազենային վիրավորում, մահացել է Նիկոսիայի հիվանդանոցում:
Ֆալյալին ճանաչված անձ էր, կապեր ուներ Թուրքիայի և կիպրոսցի թուրք պաշտոնյաների հետ և դրա շնորհիվ դարձել էր Թուրքիայում շահումով խաղերի պարագլուխը:
ԱՄՆ-ն Ֆալյալիին և նրա եղբորը՝ Հուսնու Ֆալյալիին (Hüsnü Falyalı), 2015 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրել: Բայց Ֆալյալին այդպես էլ չի ձերբակալվել և հյուսիսային Կիպրոսում, ըստ երևույթին, որևէ լուրջ խնդիր չի ունեցել (ավելին իմանալու համար կարող եք կարդալ OCCRP-ի հետաքննությունը):
OCCRP-ն զրուցել է Ջեմիլ Օնալի (Cemil Önal) հետ, որը Ֆալյալիի ֆինանսական տնօրենն էր 2013 թվականի վերջից մինչև 2021 թվականի նոյեմբեր: Ֆալյալիի սպանությունից մի քանի ամիս առաջ նա աշխատանքից դուրս է եկել: Այժմ նիդերլանդական բանտում է:
Օնալը պատմել է, որ Հալիլ Ֆալյալին ու Վիգեն Բադալյանը ծանոթացել են 2016-ին: Ըստ նրա՝ Բադալյանը Թուրքիայում իր մարդկանց «չնեղելու» դիմաց Ֆալյալիին առաջարկել է այդ երկրում իր վաստակածի 30 տոկոսը: Օնալի պատմելով՝ Բադալյանի BetConstruct-ը, որը զբաղվում է Թուրքիայում խաղադրույքների և շահումով խաղերի կայքերի ստեղծմամբ ու սպասարկմամբ, ամեն ամիս ստացել է այդ կայքերի եկամտի 18 տոկոսը, որն էլ հետո 70-30 հարաբերակցությամբ բաժանել են Վիգենն ու Հալիլը: Ըստ Օնալի՝ BetConstruct-ի կայքերի թիվը Թուրքիայում 150-200 է:
«Այս հայաստանցի տղան ենթակառուցվածքներ է վաճառում ամբողջ աշխարհին,- ասել է Օնալը Բադալյանի մասին,- աշխարհում մոտ 5000 կայք իր ենթակառուցվածքները ստանում է BetConstruct-ից: Ինչու Հայաստանի՞ց: Որովհետև այնտեղ աշխատուժը շատ էժան է… Այս մարդը՝ Վիգեն Բադալյանը, ոլորտի կնքահայրն է»:
Պատասխանելով OCCRP-ի հարցմանը՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը նշել է, որ ո՛չ Վիգեն Բադալյանը, ո՛չ ընկերությունը որևէ բիզնես կապ չունեն և ֆինանսական գործարքներ չեն արել Հալիլ Ֆալյալիի, նրա ընտանիքի կամ փոխկապակցված անձանց հետ: «Պնդումը, թե Ֆալյալին «հովանավորչություն» է ապահովել BetConstruct-ի հաճախորդների համար, ինչի դիմաց ստացել է արտոնյալ ֆինանսական վերաբերմունք (նկատի ունեն Օնալի նշած 30 տոկոս մասնաբաժինը - հեղ.), ամբողջովին կեղծ է և անհիմն,- փոխանցել են «Սոֆթ Կոնստրակտ»-ից ու հավելել,- մենք տեղյակ չենք ֆինանսական պայմանավորվածությունների մասին Ջեմիլ Օնալի արած պնդումներից, և վիճարկում ենք դրանց ճշգրտությունը»:
Օնալը նաև պատմել է, որ Վիգեն Բադալյանը Ֆալյալիի շրջապատից միայն Հալիլի, նրա եղբայր Հուսնուի ու իր հետ է շփվել հեռախոսով ու Skype-ով: Նա պնդել է, որ 2015-ին Բադալյանն ու Հուսնու Ֆալյալին միասին լուսանկարվել են Լոնդոնում կայացած, խաղային ոլորտին վերաբերող ցուցահանդեսում:
Ի պատասխան՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը OCCRP-ին փոխանցել է, որ առևտրային միջոցառումները ոլորտային հանրային հավաքներ են, որոնց մասնակցում են բազմաթիվ անհատներ. «Միջոցառմանը անհատի ներկայությունն ինքնին չի ենթադրում գործնական հարաբերություններ, և ցանկացած նման ակնարկ կարող է լինել ապակողմնորոշող ու սպեկուլյատիվ: Soft Construct-ը գործնական հարաբերություններ չունի Հուսնու Ֆալյալիի հետ: Նրա հետ ուղղակի կամ անուղղակի մասնագիտական առնչություններից մենք տեղյակ չենք»:
Vbet-ի թուրքական «երկվորյակը»
2019 թվականին հիմնադրվել է vbettr.com երկլեզու (անգլերեն և թուրքերեն) կայքը: Դիզայնով սա vbet.am-ի և vbet.com-ի «երկվորյակն» է, բայց թրքախոս մարդկանց ու, թերևս, Թուրքիայի բնակչությանը թիրախավորող այս կայքի օպերատոր-կազմակերպիչը ոչ թե այդ երկրում գրանցված/լիցենզավորված ընկերություն է, այլ, ինչպես vbet.com-ի պարագայում է, Կյուրասաոյում գրանցված և դրանից շահումով խաղերի լիցենզիա ստացած կազմակերպություն է՝ IT Management Santora B.V.-ն (այս նյութի հրապարակման պահին vbettr.com-ը Թուրքիայի տարածքում անհասանելի է եղել):
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։