Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարը իր անվերապահ աջակցությունն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը
![](/timthumb.php?src=disc/14-02-25/6b27549ac7417aadb6db1d113949d8d0.jpg&w=450)
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:
Առանձնազրույցի ընթացքում Ռուսլան Ստեֆանչուկը, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցն Ուկրաինա, կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես` երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը:
Սարգիս Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար և շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը: Նա Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Ռուսլան Ստեֆանչուկը, կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը և ժողովրդավարական զարգացման ուղուն:
Սարգիս Խանդանյանն Ուկրաինա է մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին: