Թրամփը և Մոդին պայմանավորվել են կրճատել առևտրի դեֆիցիտը, մեծացնել ամերիկյան զենքի վաճառքը Հնդկաստանին
![](/timthumb.php?src=disc/14-02-25/1a3898dd95f48e1dcd08bbb92d2d12de.jpg&w=450)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ նրան անվանելով իր հրաշալի ընկերը և միևնույն ժամանակ հայտարարելով Հնդկաստանի նկատմամբ ավելի բարձր մաքսատուրքերի մասին։ Թրամփը նաև հայտնել է Հնդկաստանին զենքի վաճառքի ծավալները մեծացնելու և առևտրի դեֆիցիտը կրճատելուն ուղղված քայլերի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի ներմուծման մաքսատուրքերը «շատ անարդար և խիստ» են, և նշել, որ ԱՄՆ-ն ևս Հնդկաստանից կգանձի այնպիսի մաքսատուրքեր, ինչպիսիք գանձում է Հնդկաստանը։
Իսկ երկու երկրների միջև առևտրի դեֆիցիտը կրճատելու համար Թրամփն առաջարկել է Մոդիին ավելացնել ԱՄՆ-ից էներգակիրների՝ գազի և նավթի ներմուծումը։ The Associated Press-ը նշում է, որ ԱՄՆ-ն և Հնդկաստանն ունեն 50 մլրդ դոլարի առևտրի դեֆիցիտ՝ հօգուտ Հնդկաստանի։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կավելացնի սպառազինության վաճառքը Հնդկաստանին «միլիոնավոր դոլարով». դա ճանապարհ կհարթի Հնդկաստանի կողմից ամերիկյան F-35 կործանիչների ձեռք բերման համար, ինչը Նյու Դելին վաղուց է ցանկանում։
Երկու ղեկավարները պայմանավորվել են համաձայնագիր կնքել, որպեսզի լուծեն առևտրի հետ կապված մտահոգությունները։
Նյու Դելին և Վաշինգտոնը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատել Հնդկաստանում ամերիկյան միջուկային ռեակտորների կառուցման ուղղությամբ։
Մոդին չորրորդ ղեկավարն է, որ Թրամփի երդմնակալությունից հետո այցելել է Վաշինգտոն նրա հետ հանդիպման։ Մինչ այս Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ են վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը։