Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
![](/timthumb.php?src=disc/13-02-25/0cf3830e38a676e4f3437ec2210bcf1f.jpg&w=450)
Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու դատավարությունը։
Վարդանյանը դատավարության ընթացքում հայտարարել է, որ հրաժարվում է Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպանի ծառայություններից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ իր փաստաբան Ավրաամ Բերմանը կշարունակի պաշտպանել իր իրավունքները։
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։