Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսել է աշխատանքը, ազատված աշխատակիցները վերականգնվել են. Բաբաջանյան
![](/timthumb.php?src=disc/10-02-25/34cc273d588520fc53d37df6a4700891.jpg&w=450)
Ըստ տեղեկությունների, քիչ առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսել է աշխատանքը, իսկ գործադուլի ընթացքում աշխատանքից ազատված աշխատակիցները վերականգնվել են իրենց պաշտոններում։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Հիշեցնենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները:
Ընկերության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։
Նշենք՝ արդեն գրեթե 10 օր կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում, իսկ փետրվարի 5-ին աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններ էին ընթացել, որոնք ավարտվել էին անարդյունք։
Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։