Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը
![](/timthumb.php?src=disc/10-02-25/8113e2dbb81e14a86838909545499a1d.jpg&w=450)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների միջև ձևավորված բարեկամությանը և ապագայում ևս ջանքեր չի խնայելու այն ամրապնդելու ուղղությամբ:
«Ավելի քան 30 տարի համատեղ ջանքեր են գործադրվում Հայաստանի և Իրանի ժողովուրդների հազարամյակների հարաբերությունների վրա հիմնված միջպետական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Այդ հարաբերությունների հիմքում փոխվստահությունն է և միմյանց դիրքորոշումների հանդեպ ունեցած լիակատար հարգանքն ու փոխըմբռնումը»,-նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այսօր Իրանի հետ Հայաստանն ունի բազմոլորտ համագործակցություն, որը մտադիր է հետևողականորեն ընդլայնել:
Փոխվարչապետը շեշտել է տնտեսական համագործակցության նշանակությունը, որն ակնառու ձեռքբերումներ է արձանագրել հատկապես վերջին տարիներին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ կարևորություն ունի և էական գործոն է տարածաշրջանային անվտանգության, կայունության և բնականոն զարգացման համար:
«Այս համատեքստում կրկին պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Իրանի հստակ, սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը լիարժեք ու առանց որևէ վերապահման հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշել է փոխվարչապետը: