Փաշինյան-Մակրոն հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
![](/timthumb.php?src=disc/10-02-25/a60766f4afcc7010c33707f6a4b9b12f.jpg&w=450)
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով։ Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղման վերաբերյալ։