Մերձդնեստրը հրաժարվել է գազի գնման համար ԵՄ-ի առաջարկած գումարից
![](/timthumb.php?src=disc/10-02-25/20fe3d0cb4bfdc917590b11d1c1a910e.jpg&w=450)
Ինքնահռչակ Մերձդնեստրի իշխանությունները հրաժարվել են Եվրամիությունից 60 մլն եվրո ընդունել՝ գազի գնումները ֆինանսավորելու համար։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մոլդովայի կառավարության մամուլի քարտուղար Դանիել Վոդային։ Նա հայտնել է, որ գազի վճարումների համար Մերձդնեստրը որոշել է օգտագործել Ռուսաստանից ստացած միջոցները։
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը նշել է, որ Քիշնևի իշխանությունները չեն արգելափակի գազի մատակարարումը Մերձդնեստր: Նա նաև հայտնել է, որ Տիրասպոլը հրաժարվել է Եվրամիության 60 միլիոն եվրոյի օգնության առաջարկից՝ սպառողների համար սակագների բարձրացնելու պայմանի պատճառով:
Հունվարի 1-ից ռուսական գազի մատակարարումները տարածաշրջան դադարեցվել են տարանցման համաձայնագրի երկարաձգումից Ուկրաինայի հրաժարվելու և «Գազպրոմին» Մոլդովագազի 709 միլիոն դոլար պարտքի շուրջ վեճի պատճառով, որը Մոլդովայի իշխանությունները չեն ընդունում: