Հարբած վիճակում սուտ է խոսել․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժելու աղմուկի մասին
Սարո Լալայանը ոչ մի խնդիր չի ունեցել սոցիալական քարտը ստանալիս: Այդ մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է Լալայանի կինը՝ նշելով, որ ամուսնու պատմածը սուտ է, նա խմած է եղել և ոչ ադեկվատ վիճակում։
«Մարդը հոգեկան շեղումներ ունի, հարբած, ոչ ադեկվատ խոսել է, չի հասկացել, թե ինչ է խոսել»,- ասել է կինը։
Դիտարկմանը, թե լրատվամիջոցին ասել է՝ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունենալու պատճառով փաստաթուղթ չեն տվել, սակայն ՆԳՆ-ից հերքում են, Լալայանի կինը պատասխանել է․ «Սուտ է ասել, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել»:
Հիշեցնենք՝ Սարո Լալայանը հարցազրույց էր տվել և ասել, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում իրեն մերժել էին տրամադրել սոցիալական քարտ այն պատճառաբանությամբ, որ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը:
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել էին, թե «Սարո Լալայան» անուն-ազգանունով մարդ չի սպասարկվել այդ ստորաբաժանումում, և որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։
«Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին, ըստ քաղաքացու, մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։ Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին»,- հայտնել էին ՆԳՆ-ից։