ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում
![](/timthumb.php?src=disc/07-02-25/03223713e76759c6db9a8340c60591bf.jpg&w=450)
Փետրվարի 6-ին Թբիլիսիի Շերատոն Մետեխի հյուրանոցի սրահում կայացավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձավ բանակի ձևավորման ու կայացման գործընթացին՝ նշելով որ իր կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1992թ. հունվարի 28-ից բանակը ստանձնել և կատարել է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահապանի իր գործառույթը։
Դեսպանն անդրադարձավ նաև զինված ուժերի զարգացմանն ու արդիականացմանը՝ նշելով, որ Հայաստանը հետևողականորեն աշխատում է զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ՀՀ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի Պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Իրակլի Չիչինաձեն, ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը և քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնի վարիչ Աշոտ Պետրոսյանը։