Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում
Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, Shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Haberler-ը։
Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։
Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել է օդափոխության համակարգում՝ չցանկանալով հայտնվել անվտանգության տեսախցիկներին: Դրանից հետո նա ի վերջո դուրս է եկել: Տղամարդը փորձել է փախչել, սակայն ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները բռնել են նրան առևտրի կենտրոնի մոտ։
Նրա մոտ գումար կամ թանկարժեք իրեր չեն հայտնաբերվել։ Հյուծված կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց, ապա ոստիկանական բաժանմունք:
Ոսկերչական ընկերությունը սկզբում հայտնել է ոսկու և փողի գողության մասին, սակայն ավելի ուշ, առանց բացատրության, հետ է վերցրել իր բողոքը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։