ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիք՝ տեղում ծանոթանալու ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։ Նպատակն է տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։
ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։
Մարդու իրավունքներին վերաբերող բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Պաշտպանին: