ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակներում փոխգործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ։
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Տոգոյի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը՝ օրակարգը համագործակցության տարբեր ոլորտներով հարստացնելու, փոխայցելությունների, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու միջոցով։ Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Դյուսեյը մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։