Տաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղարկել, որի մեջ թունավոր կարիճ է եղել
Սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Ք․-ն և հայտնել, որ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ ունի և ինչ-որ մեկը առողջությանը և կյանքին դիտավորությամբ վնաս պատճառելու ու վախ տարածելու գործողություններ է կատարում և քիչ առաջ «Յանդեքս» ընկերության միջոցով փակ տուփ են ուղարկել Փիրումյանների փողոցի 7 հասցեում գտնվող իրենց գրասենյակ, ինչի մեջ թունավոր կարիճ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մուխայելյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել և կատարվում է նախաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Ք․-ն «Նան Խումբ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի տնօրենն է։