Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին
Ինչպես տեղեկացրել էինք՝ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։
Հաջորդիվ ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քայլերը` համոզմունք հայտնելով, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:
Քննարկվել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:
Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ՀՀ կառավարության ծրագրին: Այս առումով Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը առկա խնդիրների հասցեագրման և լուծման գործում:
Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:
Միաժամանակ, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցելու հարցում: