Ովքեր են արդարադատության նախարարի թեկնածուները և ինչ են ասում իրենց հնարավոր նշանակման մասին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո քաղաքական մեծամասնությունն ակտիվ քննարկումների մեջ է նոր նախարարի ընտրության հարցում: Մամուլում որպես հավանական թեկնածու շրջանառվում է ՔՊ-ական 4 պատգամավորի անուն՝ Արփի Դավոյան, Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան և Հերիքնազ Տիգրանյան:
Հոկտեմբերի 1-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել էր Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել էին ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։
Tert.am-ը փորձեց զրուցել թեկնածուների հետ:
«Ես որևէ քննարկում չեմ լսել, որևէ ակնկալիք չունեմ և որևիցե բան չեմ մեկնաբանում»,- այսպես արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը՝ ի պատասխան հարցի արդյոք առաջարկ եղել է իրեն որպես նախարարի թեկնածու և քննարկվել է իր անունը վարչության նիստի ժամանակ:
Հերիքնազ Տիգրանյանը հաստատեց՝ իր անունն առաջարկել են: «Այո՛, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես հրաժարվել եմ, ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում, ինձ տեսնում եմ Ազգային ժողովում»,- ասաց նա:
Տիգրանյանն այլ հարցերի չպատասխանեց, նշեց՝ միայն իր մասին կարող է ասել և որ ինքը վարչության անդամ չէ, քննարկումներից տեղյակ չէ:
Պատգամավորներ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը չպատասխանեցին մեր զանգերին: