Վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր է ստացել․ «Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը քննարկման փուլում է»
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ավելի վաղ հայտնել են, որ սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին, Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
Iravaban.net-ը հարցմամբ դիմել էր Կառավարությանը հասկանալու համար՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է հրավերը, կմասնակցի՞ Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։
Ի պատասխան վարչապետի աշխատակազմից մեզ հայտնել են, որ հրավերը ստացել են․
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը քննարկման փուլում է»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մայր Աթոռից հրավերը ստացել է․ «Ցավոք սրտի, այստեղ չեմ գտնվելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում և չեմ կարող մասնակցել, բայց, եթե այստեղ գտնվեի, անպայման կմասնակցեի»։