Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում
Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են պարենային և ոչ պարենային բոլոր ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանման պայմանները՝ սառնարանային ջերմաստիճանից մինչև ապրանքային տեսք:
Երևանի քաղաքապետարանը հսկողությունն իրականացնում է սպառողների իրավունքները պաշտպանելու համար:
«Խախտումների մեծ մասը ապրանքների արտադրման ժամկետների բացակայությունն է ու նաև կրկնապիտակները: Տնտեսվարողները խախտումների համար օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:
Քաղաքացիների իրավունքն է պահանջել ապրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը: Ժամկետանց ու նաև այն ապրանքները, որոնք առհասարակ չունեն ժամկետների վերաբերյալ համապատասխան մակնշում, վտանգավոր են առողջության համար:
Ստուգայցերի արդյունքները քաղաքապետարանը փոխանցում է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Ժամկետանց սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման:
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողության ընթացքում ստուգում է նաև պոլիէթիլենային տոպրակների՝ սահմանված նորմերին համապատասխանությունը:
Առանձին ուշադրություն է դարձվում նաև վաճառողների արտահագուստին: Ուժեղացված ստուգայցերը մեծ ու փոքր խանութներում շարունակական են»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տեսանյութը՝ այստեղ։