Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունը. Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ:
Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից:
Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը և Մարինա Ղազարյանը մարզային այցերի շրջանակում այս անգամ հյուրընկալվել են Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արևուտ խոշորացված համայնքում, եղել Կանչ, Թլիկ և Հակո բնակավայրերում:
«Ազգային փոքրամասնությունները մշտապես ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են: Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունն ու այդ համատեքստում հետաքրքրված ենք ձեր կարիքներով»,- համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուստամ Բաքոյանն ու եւս մեկ անգամ շեշտել, որ Կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վերահաստատել է վաղուց գոյություն ունեցող խնդիրներին փուլ առ փուլ լուծումներ տալու պատրաստակամությունը:
Համայնքների ներկայացուցիչները նախ` գոհունակություն են հայտնել տասնամյակներ շարունակ ավերված Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհի 12,1 կմ-անոց հատվածի նորոգման աշխատանքները սկսելու համար, այնուհետև մատնանշել հաջորդող ամենաառանցքային խնդիրները՝ ներգյուղական ճանապարհների վատ վիճակ, մանկապարտեզի, ավագ դպրոցի, խմելու ջրի, գազաֆիկացման, բուժհաստատության բացակայություն ու գործազրկություն:
Հաջորդիվ խորհրդարանականներն այցելել են Արևուտի հիմնական դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել դպրոցականների հետ:
Այնուհետև Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվել է Թլիկ բնակավայրում կառուցվող ջրամբարը, որը միտված է լուծելու տեղի բնակիչների՝ ջուր չունենալու խնդիրը:
Աշխատանքային հաջորդ օրը հանձնաժողովի անդամներն այցելել են նաև Արարատի մարզ, տեղում ծանոթացել ջերմոցային և ֆերմերային տնտեսություններին, լսել գյուղատնտեսներին հուզող խնդիրներն ու հաստատել ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու այն զարգացնելու անհրաժեշտությունը: