Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և փոխնախագահ Մերի Գալստյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել են դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը կարևորել է հայ-դանիական խորհրդարանական համագործակցության զարգացումը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցությունից` հանձնաժողովի նախագահն արժևորել է այդ գործընթացում դանիական փորձառությունը:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, դրա վերաբերյալ խորհրդարանական վերահսկողությանը: ԱԺ պատգամավորները բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները` դրանց կարգավորման հարցում կարևորել միջազգային գործընկերների և կազմակերպությունների աջակցությունը:
Հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին: