Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության նոր դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
Աշտարակի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության ևս հինգ դեպք են բացահայտել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիանության տարածած հաղորդագրությունից։
Համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն օպերատիվորեն իրացնելով, հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 57-ամյա մի երևանցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է: Նա հայտնել է նաև, որ կանեփը քաղել է իր հողամասից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու հողամասի և օժանդակ շինության զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր ու կանեփանման զանգված։
Հաջորդ դեպքում համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի մի բնակիչ տանն աճեցնում է կանեփ և օգտագործում է թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 47-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր, «Մեթադոնի լուծույթ» գրառմամբ տարաներ, կանեփանման զանգվածով փաթեթներ ու մոխրացած հետքերով կաթուցիչներ։
Մյուս դեպքում Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 69-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործում և տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տանտիրոջ այգու զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր ու կանեփանման զանգվածներ։
Եվս մեկ դեպք: Քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, այցելել են Աշտարակ քաղաքի բնակիչ 57-ամյա մի տղամարդու տուն։ Տեղեկությունը հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան բակում և հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր, դեղնականաչավուն զանգված և գազային ատրճանակ։
Հերթական դեպքում համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Օշական գյուղի մի բնակիչ տանը աճեցնում է կանեփ և օգտագործում թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, մշակելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 62-ամյա տղամարդուն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր, կանեփանման զանգված, գլանակներ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: