«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։